Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը մեկնում է Կիեւ՝ երկրի նոր ղեկավարությանը զորակցություն հայտնելու: Այս մասին հայտարարել է վարչապետ Սթիվեն Հարփերը՝ ուկրաինական ծագմամբ կանադացիների հետ հանդիպման  ընթացքում:

Ըստ նրա՝ Բերդին կուղեկցի խորհրդարանականների եւ ուկրաինական սփյուռքի ներկայացուցիչներ խումբը: Չհստակեցնելով, թե հատկապես ում հետ է հանդիպելու նախարարը, վարչապետը նշել է, որ նրան հանձնարարել է Ուկրաինայում ժողովրդավարության վերականգնման հարցում գործակցություն առաջարկել:

«Մենք պետք է արժանին հատուցենք ուկրաինացի ժողովրդին, որը դիմադրում է ժողովրդավարությունը քանդելու եւ երկիրը անցյալ տեղափոխելու փորձերին: Նրանք  դա մերժեցին, եւ մենք ցանկանում ենք նոր ճանապարհին աջակցել նրանց», - նշել է վարչապետը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատում փետրվարի 26-ին Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ լսումներ կանցկացվեն:  Այս կամ այն բանաձեւի ընդունում չի նախատեսվում: Օրենսդիրների խոսքով՝ իրենք Հարփերի կառավարությունից ցանկանում են լսել՝ ինչ քայլեր են ձեռնարկվում անցումային շրջանում ուկրաինացի ժողովրդին աջակցելու ուղղությամբ:

Պատգամավորները, մասնավորապես, մտադիր են  մայիսի նախագահական ընտրություններին 500 դիտորդ ուղարկել, հիմնականում՝ ծագումով ուկրաինացիների:

Նշենք, Ռուսաստանից հետո Կանադան ուկրաինական սփյուռքի թվաքանակի առումով երկրորդ տեղում է՝ 1,2 մլն մարդ: Գրեթե ամեն 30-րդ կանադացին ուկրաինական ծագում ունի: