Բրիտանացի Էնթոնի Դելանին չորս ամսվա ազատազրկման է դատապարտվել Մեծ Մանչեսթրում կատվին տանջելու եւ դաժանաբար սպանելու համար:

Նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին 30-ամյա նախկին զինվորը, առնվազն 10 գավաթ գարեջուր խմելով, ընկերների հետ անցնելիս ճամփեզրին նկատել է կատվի, որը մեքենայի տակ էր ընկել: Տղամարդը սկսել է ոտքով հարվածել կենդանուն եւ նետել այս ու այն կողմ՝ինչպես ֆուտբոլի գնդակ:

Դելանին եւ նրա ընկերները նաեւ կոպտել են անցնող երկու աղջիկներին, որոնք նրանց վարքը քննադատել էին: Չնայած իրենց հասցեին հնչող վիրավորանքների հեղեղին, աղջիկները զանգահարել են կենդանիների պաշտպանության ծառայություն: Տեսուչների ժամանումից մի քանի րոպե անց կատուն սատկել է, հայտնում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Mirror-ը:

Երիտասարդներին ձերբակալել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, նրանք ոստիկաններին ասել են,  թե կատվին կարեկցանքից դրդված են սատկացրել: Դելանին հստակեցրել է, որ ծառայության ընթացքում յուրացրած հնարքներն է ցուցադրել:

Դատավճիռը կարդալով՝ դատավորը նշել է, որ  ազատազրկման որոշում է կայացրել հանրության առջեւ ունեցած պարտքից դրդված: Կալանքից ազատվելուց հետո  Դելանին 5 տարի ընտանի կենդանի պահելու իրավունքից զուրկ կլինի: