Թուրքիայի մի շարք քաղաքներում փետրվարի 25-ի երեկոյան զանգվածային բողոքի գործողություններ են տեղի ունեցել, որոնք ճնշվել են ոստիկանության կողմից։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ինտերնետում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ որդու՝ Բիլալ Էրդողանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցը, որում Էրդողանը որդուն հրահանգում է մոտը եղած 1 մլրդ կանխիկ գումարը թաքցնել որոշ գործարարների մոտ, հակակառավարական բողոքի նոր ալիքի սկիզբ է դարձել։

Թուրքիայի Ստամբուլ, Իզմիր, Անկարա, Տրապիզոն, Սաքարիա, Բուրսա, Էսքիշեհիր, Անթալիա եւ այլ քաղաքներում փետրվարի 25-ի երեկոյան սկսվել են զնգվածային բողոքի ակցիաներ։ Մի շարք քաղաքներում, այդ թվում Ստամբուլում, Իզմիրում եւ Անկարայում, ոստիկանները ջրցան մեքենաներով եւ արցունքաբեր գազ են օգտագործել բողոքի ակցիաները ցրելու համար։

Նշենք, որ Youtube-ում հայտնվել են Էրդողանի եւ որդու միջեւ հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնք ըստ պնդումների, տեղի են ունեցել «Մեծ կաշառք» գործողության օրը՝ 2013-ի դեկտեմբերի 17-ին։ Տարբեր ժամերի տեղի ունեցած 5 հեռախոսազրույցների ժամանակ վարչապետ Էրդողանը որդուն հրահանգել է մոտը եղած կանխիկ 1 մլրդ դոլարը տեղափոխել եւ թաքցնել մի քանի գործարարների մոտ։ Հեռախոսազրույցներից վերջինում Բիլալ Էրդողանը հորը հայտնում է, որ մնացել է 30 մլն եվրո, որ այն եւս կտեղափոխի անվտանգ տեղ։