Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը կողմ է երկրի զարգացման էվոլյուցիոն սակայն ոչ հեղափոխական մեթոդին: Այդ մասին նա հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Պատասխանելով Հայաստանում ուկրաինական իրադարձությունների հնարավոր կրկնության վերաբերյալ հարցին՝ նա կարծիք է հայտնել, որ Հայաստանում, երեւի, կլինեն գործիչներ, որոնք կփորձեն համեմատել իրավիճակները եւ անգամ Հայաստանում իրավիճակի ապակայունացում կցանկանան: «Պետք է նման նկրտումներին ավելի հանգիստ վերաբերել: Մեր երկրի համար էվոլյուցիան գերադասելի է հեղափոխությունից: Առավել եւս հաշվի առնելով տարածաշրջանում առկա ռազմական սպառնալիքը»,-ընդգծել է Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ ուկրաինական գործընթացները կշարունակվեն: «Հայաստանին օդի նման անհրաժեշտ է անվտանգության ու կայունության ապահովումը: Հարկ է հիշել, որ հակառակորդը չի ննջում ու հարմար առիթի է սպասում, որպեսզի սահմանամերձ իրադարձությունները վերածի լայնամասշտաբ պատերազմի: Այդ պատճառով երկրին հարկավոր է կայունություն, բարեփոխումների շարունակականություն, հասարակության խնդիրների լուծում»,-եզրափակել է Բաղդասարյանը;




























