Հայ-հունական բարեկամությունը մեծ արժեք է, որը մենք պարտավոր ենք պահպանել եւ հաղորդել ապագա սերունդներին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝  երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի հետ հանդիպման ժամանակ:

«Ձեր այցելությունը նոր առիթ է՝ խթանելու հայ-հունական հարաբերությունները», - նշել է Տիգրան Սարգսյանը:

 Հունաստանի ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ կարեւորել խորհրդարանական կապերի դերը երկկողմ փոխգործակցության ընդլայնման հարցում:

 Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակից՝ կողմերը կարեւորել են նաեւ Եվրոպական միության շրջանակում Հայաստանի եւ Հունաստանի միջեւ համագործակցության խորացումը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է ԵՄ հետ հարաբերությունների շարունակական զարգացման հարցում: Վանգելիս Մեյմարակիսն էլ հավաստիացրել է, որ Հունաստանը որպես ԵՄ խորհրդի նախագահող երկիր հնարավորինս կնպաստի ՀՀ-ԵՄ կապերի սերտացմանը. «Իմ այցը Հայաստան, հատկապես այս շրջանում, երբ Հունաստանն ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը, խորհրդանշական ուղերձ է առ այն, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ», - հավելել է նա:

Զրուցակիցները քննարկել են առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում անհրաժեշտ է համարվել հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը: «Ցանկանում ենք, որ տնտեսական ոլորտում լինեն համատեղ նոր նախաձեռնություններ եւ ծրագրեր: ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի այդ բնագավառում առաջընթաց լինի», - ասել է վարչապետը: Կարեւորվել է նաեւ ռազմական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներում ծավալված շարունակական համագործակցության խորացումը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հունաստանում տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացված քայլերի, Հայաստանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել  տարածաշրջանային հարցերի: Վանգելիս Մեյմարակիսն ընդգծել է, որ Հունաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում եւ պաշտպանում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Երկուստեք բարձր է գնահատվել Հունաստանում գործող հայ համայնքի դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում եւ հայ-հունական բարեկամության ամրապնդման գործում:

Հունաստանի ԱԺ նախագահը Տիգրան Սարգսյանին է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույնները: ՀՀ վարչապետը փոխադարձաբար ողջույններ է հաղորդել Հունաստանի իր գործընկերոջը եւ հրավիրել այցելել Հայաստան: