Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքում ազգային անվտանգության սպառնալիք չի տեսնում: Իր տեսակետը նա ներկայացրել է փետրվարի 26-ի մամուլի ասուլիսում:

Պարզվում է, վաճառքի փաստը Բաղդասարյանը դրական է գնահատում եւ աջակցում է նման նախաձեռնությունները, քանի որ այն 180 մլն դոլարի ներդրում է բերել: Նրա խոսքով՝  դա խոսում է տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին:

«Երկրում ռուսական կապիտալով հազարից ավելի ընկերություններ կան: Ի՞նչ վատ է, որ ամերիկյան կապիտալով ձեռնարկություններ էլ են հայտնվում», - հարց է ուղղել  Արթուր Բաղդասարյանը: Նա հիշեցրել է, որ դա նոր աշխատատեղերի ներդրումների հնարավորություն է ստեղծում:

Կասկածները վերջնականապես ցրելու համար Բաղդասարյանը նշել է, որ բոլոր երկրներն այդպես են վարվում, ներդրումներ են ներգրավում:

 «Հայաստանում արտասահմանյան ներդրումները կրճատվել են: Դա անհանգստացնող է: Այս ֆոնին նման ներդրումները, որոնք եղան Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքից, պետք է ողջունել», -  հայտնել է Արթուր Բաղդասարյանը: Նա նաեւ հավելել է, որ կառավարությունը պետք է պատասխանի բնակչության բոլոր հարցերին, որպեսզի մութ պահեր չլինեն:

Հիշեցնենք, Որոտանի ՀԷԿ-երի համալիրը ձեռք է բերել «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը: