Վերջին տարիներին Ղրղըզստանում գտնվող սառցադաշտերի ծավալը գլոբալ տաքացման պատճառով մոտ 35%-ով կրճատվել է: Այս մասին հայտարարվել է հանրապետության խորհրդարանի նիստում:

Հաղորդվում է, որ Ղրղըզստանում շուրջ 6 հազար սառցադաշտ կա, որոնք կազմում են երկրի տարածքի մոտ 4%-ը:

Դրանք բոլորը ծովի մակարդակից բարձր են 3,2-3,4 հազար մետր:

Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին կես դարում դրանց հալոցքի մակարդակը տարեկան 0,7 մետրից 34 մետրի է հասել:

Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում սառցադաշտերը գետերի սնուցման հիմնական աղբյուրն են: Այդ պատճառով դրանց անհետացումը կհանգեցնի բնապահպանական անդառնալի հետեւանքների:

Ըստ փորձագետների՝ առայժմ սպառնալիք չկա, սակայն գետերի հագեցվածության փոփոխության հավանականություն  կա:

Խորհրդարանում քննարկում են սառցադաշտերի պահպանման հատուկ օրենք ընդունելու հարցը: Օրինագծի հեղինակները կարծում են, որ դրա ընդունվելու դեպքում հատուկ մեթոդաբանություն կմշակվի, որը թույլ կտա նվազագույնի հասցնել հալոցքի հետեւանքները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: