Իշխանությունը պետք է 1988 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ջարդերի հարցով դիմի միջազգային դատարան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, մամուլի ասուլիսում նշել է Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, «Сумгаит...Геноцид...Гласность» գրքի համահեղինակ, հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը: Նրա խոսքով՝ այդ հարցը փակվեց 25 տարի առաջ իշխանության եւ «Ղարաբաղ» կոմիտեի կողմից:

«Ես «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ խոսել եմ, հարցրել եմ, թե ինչու փակվեց հարցը, բոլորը ասում էին՝ հարցրեք Լևոն Տեր-Պետրոսյանին: Ես մինչև օրս չեմ տեսել Լևոն Տեր-Պետրոսյանից մի բացատրություն, գրություն, թե ինչու փակվեց Սումգայիթի հարցը: Այսօր համացանցում հարցի հետ կապված կա երկու պատմություն՝ հայկական ու ադրբեջանական: Իրենք ներկայացնում են նույնիսկ, որ հայերն են կազմակերպել ջարդը, այնինչ դա արվել է Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով և Մոսկվայի իմացությամբ, որովհետև նման բան չէր կարող լինել Բաքվում ու Սումգայիթում առանց Մոսկվայի իմացության»,- ասաց նա և ընդգծեց, որ հարցը հրահանգվել է փակվել ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովի կողմից:

Ուլուբաբյանը կարծիք է հայտնել, որ Սումգայիթի հարցը պետք է բարձրացվի Ազգային ժողովում, որոշում ընդունվի միջազգային դատարան դիմելու մասին: Հիշեցնենք, որ 1988 թվականին փետրվարի 26-29-ին հայերի զանգվածային ջարդեր են տեղի ունեցել Սումգայիթ քաղաքում: Գազազած ամբոխը, որի ձեռքին կային հայերի բնակարանների հասցեները, Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ, մտնում էր հայերի տները, դուրս բերում նրանց ու սպանում: Խորհրդային զորքերը Սումգայիթ հասան ուշացումով: Արդյունքում ավելի քան 100 հայեր սպանվեցին, թեեւ խորհրդային պետությունը պաշտոնապես խոսում էր միայն 32 զոհի մասին: