Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հասարակությունում աճող ապստամբության նշաններ չի տեսնում: Իր կարծիքը նա հայտնել է այսօր՝ փետրվարի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ կառավարության պաշտոնանկության հարցին անդրադառնալով Արթուր Բաղդասարյանը նկատել է, որ, որքաին իրեն հայտնի է, համապատասխան քաղաքական ուժերը դեռեւս այդ հարցում համաձայնության չեն եկել:

Այնուհետեւ Բաղդասարյանը, ով նաեւ ՕԵԿ առաջնորդն, էհիշեցրել է, որ վարչապետին նշանակում է իշխող կուսակցությունը ՀՀԿ-ն, իսկ ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է, որ կառավարության եւ վարչապետի փոփոխության հարց չի քննարկում:

Ինքը՝ Արթուր Բաղդասարյանը նույնպես հակված չէ կարծել, որ այդ նախաձեռնությունը հաջողություն կունենա՝ հաշվի առնելով քաղաքական ուժերի դասավորվածությունը: Այդուհանդերձ, նա նշել է, որ բոլոր նախաձեռնություններին հարգանքով է մոտենում եւ կարծում է, որ դա քաղաքական ուժերի իրավունքն է:

Ինչ վերաբերում է հասարակական բունտի հնարավորությանը, ապա դրա համար ՕԵԿ նախագահը նշաններ չի տեսնում: «Փոխարենը ես տեսնում եմ լուրջ խնդիրներ, որոնք պետք է լուծել: Խնդիրներն ավելի արագ են հայտնվում, քան դրանց լուծումներ են տրվում: Կառավարության մեր գործընկերները դրանք պետք է լուծեն ավելի արագ եւ համաձակ, որպեսզի ժողովուրդը գոհ մնա»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am