Հայաստանը ՀԱՊԿ-ի առանցքային անդամներից է եւ կողմ է կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացմանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ փետրվարի 26-ի մամուլի ասուլիսում:
Ըստ նրա՝ ԱԱԽ նախօրեին կայացած նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման հարցը: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է ՀԱՊԿ-ի շրջանակում բոլոր ուղղություններով համագործակցության զարգացումը:
«Նախատեսված բոլոր միջոցառումները կիրականացվեն ժամանակացույցի համաձայն: Լավ արդյունքներ կան», - նշել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ամրապնդումը Հայաստանի համար շատ կարեւոր է:
Այս համատեքստում նա հիշեցրել է արագ արձագանքման ուժերի վերաբերյալ վերջերս ընդունված որոշումների մասին: «Ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշել է Արթուր Բաղդասարյանը:




























