Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ պետություն-մասնավոր հատված հարաբերությունների հստակեցման եւ կանոնակարգման շրջանակներում այսօր հերթական քայլն է արվել: NEWS.am-ը Գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացավ, որ  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել ՀՀ արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանին,  ՀՀ պահածոյագործների եւ հյութ արտադրողների իրավաբանական անձանց միության գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանին, ՀՀ կաթնամթերք արտադրողների իրավաբանական անձանց միության տնօրեն Ղուկաս Բունիաթյանին, նշված ոլորտները ներկայացնող մի շարք խոշոր միավորումների ղեկավարների: Օրակարգում  ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ նշված միությունների միջեւ համագործակցության հուշագրերի վավերացումն էր:

Ողջունելով մասնակիցներին կարեւոր փաստաթղթերի ստորագրման կապակցությամբ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնավորապես նշել է. «Վերամշակման ճյուղը մեր երկրում էական զարգացում է ապրել: Եվ քանի որ գյուղատնտեսության զարգացումը համահունչ պետք է լինի վերամշակող արդյունաբերության հետ, ուստի հարաբերությունների կանոնակարգման նոր հրամայական է առաջացել: Այսօր վավերացված հուշագրերը համոզված եմ էական դերակատարում են ունենալու ինչպես նշված ոլորտների զարգացման, այնպես էլ՝ պետություն-մասնավոր հատված համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու տեսանկյունից»:

Հուշագրերը ստորագրելուց ընկերությունների ղեկավարներն ողջունելի են համարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնողականությունը՝  խնդիրների համատեղ լուծման քաղաքականության ուղղությամբ կատարվող քայլերի համար: Նրանց կարծիքով միություններով աշխատելն անհամեմատ ավելի արդյունավետ է, սակայն  երբ  նշված միությունները համագործակցում են նաեւ համապատասխան նախարարության հետ, դա արդեն նոր որակ է, զարգացման ու առաջընթացի կայուն երաշխիք: