Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը, չնայած արդեն 11 օր հացադուլի մեջ է, երկու օր էլ ջրադուլ է արել, այսօր՝ փետրվարի 26-ին մասնակցում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող գործով դատական նիստին։
Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատավոր Մարտին Սարոյանը նիստի սկզբում նախ հետաքրքրվել է ամբաստանյալի առողջական վիճակով։
«Ես թեեւ հացադուլի մեջ եմ արդեն 11 օր, սակայն առողջականս ներում է, եւ ես ի վիճակի եմ այստեղ գտնվել»,-ասել է ամբաստանյալ Հարություն Սարգսյանը:
Դատավորը, այնուամենայնիվ, ամբաստանյալի փաստաբաններից պահանջել է բժշկական փաստաթղթեր այն մասին, որ ամբաստանյալն ի վիճակի է նիստին ներկա գտնվել։ Ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը նշել է, որ իրենք բանավոր հեռախոսազրույց են ունեցել բժիշկների հետ եւ տեղեկացել, որ Հարություն Սարգսյանի առողջական վիճակը նորմալ է: Դատավորը, սակայն, փաստաբանի բանավոր խոսքը հիմք չի ընդունել եւ դատը դեռ չսկսված ընդմիջում է հայտարարել 30 րոպեով, որպեսզի այդ ընթացքում անձամբ տեղեկանա բժիշկներից, արդյոք ամբաստանյալն առողջ է:
Մեղադրյալ Հարություն Սարգսյանին սա վրդովեցրել է. «Եթե եկել, հասել եմ այստեղ, ուրեմն առողջ եմ։ Եթե առողջ չլինեի, օրենքով սահմանված կարգով իմ փաստաբանները Ձեզ գրավոր գրություն կուղարկեին։ Ի՞նչ եք անհիմն հետաձգում նիստը, չեմ հասկանում, սկսվեց էլի նիստը չսկսված ընդմիջումներ անելը»։
Նշենք, որ Հարություն Սարգսյանն արդեն 11 օր է՝ հացադուլի մեջ է, իսկ փետրվարի 24-ից՝ ջրադուլի։ Այսօր ամբաստանյալը ջրադուլից դուրս է եկել:
Նիստից առաջ արդար դատավարության պահանջով դատարանի առջեւ բողոքի ակցիա են անցկացրել ամբաստանյալի հարազատները։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 12-ին, Գյումրիում սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է` 27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս էր եկել եւ չի վերադարձել: Կարենը գնացել էր ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել էին ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով: Ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) եւ 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Այս գործով կալանավորված է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին՝Հարություն Սարգսյանը
Իսկ ավելի ուշ ավտովթարի էր ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը:



























