2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի հետաքննման հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը բարոյական պատասխանատվության հետ է կապված: Այս մասին փետրվարի 26-ին ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի այն հարցին, թե ինչու է Ջհանգիրյանը երկրորդ անգամ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալիս, եթե այն երկրորդ անգամ   նույն բախտին է արժանանալու:

«Ես բարոյական պատասխանատվություն եմ զգում 2008թ. մարտի 1-ի զոհերի հարազատների առաջ: Ես չեմ ցանկանում քաղաքականացնել այս հարցը, սակայն դեպքերի տարելիցից առաջ հանդես եկա նախաձեռնությամբ», - նշել է Ջհանգիրյանը:

Իր հերթին ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը նախքան հարց հնչեցնելն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Նշենք, 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետաքննման հանձնաժողով ստեղծելու  նախաձեռնությունը  տապալվել էր խորհրդարանական մեծամասնության կողմից:

2008թ. մարտի 1-ին իշխանության եւ ընդդիմության միջեւ բախման հետեւանքով Երեւանի կենտրոնում սպանվել էին ութ ցուցարար եւ Ներքին զորքերի երկու զինծառայող: Սպանությունների համար ոչ ոք առայսօր չի պատժվել: