«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընթացիկ տարվա մեջ պահանջելու է իշխանափոխություն` «դուրս գալով փողոց եւ պայքարելով իշխանությունների դեմ»: Այս մասին այսօր` փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Զոհրաբ Զոհրաբյանը՝ հավելելով. «Կտրուկ քայլերի ենք դիմելու: Հայտարարում եմ` 2014թ. ԲՀԿ-ն դուրս է գալու փողոց եւ պայքարի իր իրավունքների համար»:
Այնուհանդերձ, րոպեներ անց Զոհրաբյանը «փոշմանեց»` ընդգծելով, որ փողոց դուրս գալով հարցը չի լուծվի:
«Ինչ եք կարծում, որ փողոց դուրս գանք, ինչ որ բան կփոխվի՞: Ինչ կատարվեց Ուկրաինայում` Մայդանում, անընդունելի է: Չեք հասկանում, որ մահացող մարդը թքած ունի Հայաստանի վրա: Իր հոգեվիճակը ոչ մեկը չի հասկանա»,- նշեց ԱԺ նախկին պատգամավորը:
NEWS.am-ի հարցին` այդ դեպքում ինչ նկատի ունի «կտրուկ քայլեր» ասելով, վերջինս պատասխանեց. «Կտրուկ քայլ նշանակում է, որ մարդկանց համոզելու ենք, որ չարտագաղթեն: Աշխատատեղեր ենք բացելու, բարոյական կյանք ենք ապահովելու: Այս տարի Գագիկ Ծառուկյանը 5 հազար նոր աշխատատեղ է բացելու, որն էլ արդեն խոսում է այն մասին, որ մենք կոնկրետ գործողությունների ենք դիմում»:
Չնայած Զոհրաբյանը դեմ է փողոց դուրս գալուն, այնուամենայնիվ, պատրաստվում է մասնակցել մարտի 1-ի հանրահավաքին:
«Մարտի մեկին գնալու եմ ու հարգեմ տասը զոհերի հիշատակը»,- ասաց նա:
Լրագրողների հարցին, թե մարտի 1-ին հանրահավաք են կազմակերպելու եւ Հայ ազգային կոնգրեսը, եւ Ազատամարտիկների ռազմադաշտային ընդլայնված խորհուրդը, ո՞ր հանրահավաքին է մասնակցելու, Զոհրաբյանն արձագանքեց. «Կարող է երեխուս ձեռքը բռնեմ ու գնամ, հարգեմ նրանց հիշատակը: Իսկ թե ով է կազմակերպել այդ հանրահավաքը, ինձ համար նշանակություն չունի»:
NEWS.am-ի հարցին` հնարավո՞ր է՝ ԲՀԿ-ի անդամները նույնպես միանան Զոհրաբյանին, վերջինս նորից խուսափեց հստակ պատասխանից:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսն Ազատության հրապարակում, իսկ Ազատամարտիկների ընդլայնված խորհուրդը` Սարյանի այգում, կազմակերպում են հանրահավաք` հարգելու 2008թ. մարտի մեկին ցուցարարների եւ ուժայինների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված 10 քաղաքացիների հիշատակը:



























