Հայաստանում կներդրվի պրոբացիայի համակարգ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ըստ նրա՝ Խորհրդի՝ նախօրեին կայացած նիստին քննարկվել ու արտոնվել է պրոբացիոն համակարգի հայեցակարգը: Ինչպես Բաղադասարյանն է նշել, դրա ներդրումը կարեւոր իրավական ու հանրային նշանակություն կունենա: Այսինքն ներդրվում է այլընտրանքային պատժի ռազմավարությունը, որը հնարավորություն կտա հանրային նշանակություն ունեցող արարքների համար մարդուն պատժել՝ առանց ազատազրկման: Բացի այդ, վիճակագրությունը վկայում է, որ մարդկանց ազատազրկելով՝ նրանք չեն ուղղվում:
Ըստ Բաղդասարյանի՝ ներկայումս ՔԿՀ-ներում կա մոտ 3900 մարդ: Նոր համակարգի ներդրվելուց հետո մոտ 1300 մարդ կարող է այլըտրանքային պատժի ենթարկվել:
Բաղդասարյանը նշել է, որ պրոբացիայի ներդրմամբ զբաղվում է կառավարությունը՝ մշակելով նոր օրենք: Բարեփոխման տվյալները ներառված են Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրում:



























