Հայաստանում կենսաթոշակային բարեփոխման նպատակը երաշախավորված կենսաթոշակներն են: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, սոցիալական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Ըստ նրա՝ ներկայիս սերունդների համերաշխութան սկզբունքը չի երաշխավորում, որ երիտասարդությունը 30 - 40 տարի անց արժանի կլինի կենսաթոշակի: «Որքան էլ որ բարձր հարկեր վճարենք, միեւնույն է չգիտենք, թե իրավիճակն ինչպես կդասավորվի, որքան գործունակ մարդիկ կլինեն ու արդյոք կկարողանան նրանք ապահովել մեզ: Իսկ կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում ես գիտեմ, որ վճարում եմ ինձ համար»,-վստահեցրել է Հակոբյանը:
Կենսաթոշակային կուտակումների 60 տոկոսը պետք է մնա Հայաստանում, մյուս մասը դուրս է գալու երկրից: «Հենց այդ գումարները կստեղծեն ռեսուրս՝ երկարաժամկետ ու էժան վարկերի համար, որոնց կարիքը ունի մեր տնտեսությունը»,-կարծում է Հակոբյանը:
Հիշեցնենք, որ համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի մեկից:




























