Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարծում է, որ Ադրբեջանը սահմանին սադրանքները կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել:
ԱԱԽ քարտուղարը փետրվարի 26-ի մամուլի ասուլիսում հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը միջադեպերի, ուժի կիրառման սպառնալիքների, ինչպես նաեւ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում իր գործողությունների վերաբերյալ դիրքորոշումը քանիցս հայտնել է:
Սակայն, հավելել է Արթուր Բաղդասարյանը, պետք է տարբերել իրավիճակը: Սահմանին եզակի դիվերսիաները դեռեւս ագրեսիա չեն՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Միաժամանակ Բաղդասարյանը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, եւ դրա անվտանգության երաշխավորը կազմակերպությունը չէ, այլ Հայաստանը: «Իսկ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, եւ խոսքը Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ գործողությունների մասին է», - նկատել է ԱԱԽ քարտուղարը:
Նա նաեւ նշել է, որ միջադեպերը կկրկնվեն այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ:
«Ադրբեջանը պարբերաբար սադրանքների է դիմում, որոնց համարժեք պատասխան է ստանում», - նշել է Արթուր Բաղդասարյանը:




























