Չմասնակցեցի խորհրդարանում լռության րոպեին եւ դուրս եկա դահլիճից, որովհետեւ այսօր ԱԺ դահլիճում նստում են մարդիկ, ովքեր ուղղակի կապ ունեն Մարտի 1-ի սպանությունների կազմակերպման եւ իրագործման հետ, մարդիկ, ով անձամբ տվել են ՀՀ քաղաքացիներին գնդակահարելու հրամաններ, բացառված չէ անգամ՝ գտնվեն անմիջական կատարողներ: Այդ մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչու լքեց դահլիճը, երբ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել 2008թ.  մարտի 1-ի զոհերի հիշատակը։

«Նրանց հետ կողք-կողքի Մարտի 1-ի զոհերի հիշատակի լռության րոպեին մասնակցելը, իմ ընկալմամբ, անարգանք կլիներ զոհերի հիշատակի առաջ: Այս մասին կխոսեմ նաեւ իմ ելույթում», -ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է Մարտի 1-ի հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, ՀԱԿ խմբակցության նախաձեռնությամբ։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am