Ազգային ժողովում «Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «ՀՅԴ» խմբակցության առաջարկած նախագիծը թեւ մերժվեց, սակայն ոչ իշխանական 4 ուժերը շարունակելու են պայքարը «Նաիրիտի» հետագա ճակատագրի համար: Այս մասին  փետրվարի 26-ին Ազգային ժողովի մուտքի մոտ հավաքված «Նաիրիտ» գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներին հայտնեցին Աժ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանն ու «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Այս պահին մենք ստիպված ենք արձանագրել, որ «Դաշնակցության» այս առաջարկը չանցավ, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ սա ընդամենը պայքարի սկիզբն է: Մի րոպե չկասկածեք, միասին հասնելու ենք շատ դրական արդյունքների: Ձեզանից միայն մի բան է պահանջվում, որ ոնց որ սենց սկզբունքային, վճռական կանգնած եք, մի բան էլ բազմապատկած կանգնեք մինչեւ վերջ, կանե՞ք»,- աշխատակացիներին դիմեց Աժ պատգամավորը, ինչին հավաքվածները պատասխանեցին համաձայնության ծափողջյուններով։

«ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որը նույնպես դուրս էր եկել հանդիպելու «Նաիրիտի» աշխատակիցներին, նշեց, որ իրենց հաջողվել է իշխանական ուժերին ստիպել զբաղվելու «Նաիրիտի» հարցով ամեն օր ու հավելեց, որ առաջիկայում «Նաիրիտի» հարցով հրապարակային մասնագիտական քննարկում է նախատեսվում անցկացնել:

Պատգամավորների գնալուց հետո «Նաիրիտի» աշխատակիցները նշեցին, որ պետք է ավելի լուրջ քայլեր ձեռնարկել, մասնավորապես` ավելի մեծ թվով աշխատակիցներով հավաքվել:

«Որ ամեն օր ստեղ գանք, խելոք կանգնեք, ոչ մի բան չի փոխվի: Նույն մարդիկ են ամեն օր գալիս ստեղ: Եթե հիմա ստեղ 1000 մարդ լիներ, տեսնեմ Ազգային ժողովում էդ ո՞նց դեմ կքվեարկեին»,- ասաց աշխատակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն հանդես էր եկել «Նաիրիտ» գործարանի մասնավորեցմամբ ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ նախաձեռնությամբ: ԱԺ մեծամասնությունը թետրվարի 26-ին մերժեց այն 44 կողմ, 55 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am