ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կոչ է անում ըմբռնումով մոտենալ պատգամավորների եւ նախարարների կողմից ժարգոնային լեզվով հնչող արտահայտություններին, քանի որ նման բաներ այլ երկրներում եւս տեղի են ունենում:: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ինքը՝ Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյան-Արմեն Ռուստամյան հեռակա «բանավեճին»:

«Ինչքան քաղաքակիրթ լինի զրույցը այդքան լավ, բայց ուրիշ երկրներում էլ են նման բաներ տեղի ունենում: Ավելին՝ խոսքից գործի են անցում: Բայց իհարկե նախընտրելի է, որ ամենը կատարվի փոխադարձ հարգանքի մթնոլորտում»,-ասել է Բաղդասարյանը: Նա սակայն կոչ արեց ըմբռնում մոտենալ նման վեճերին, թեեւ համամիտ է կարծիքին, որ դա ավելի քաղաքակիրթ տեղի ունենա:

Նշենք, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով արդարադատության նախարարի հայտարարությանը, ասել էր, թե սա ամբարտավան պահվածք է, եւ աննախադեպ իրավիճակ։ «Արդարադատության նախարարը պետք է որ միայն պաշտպանի սահմանադրական նորմերը։ Խորհրդարանական չորս քաղաքական ուժերը ներկայացնում են 53 պատգամավոր, եւ նախարարի ասածը վիրավորում է ամբողջ Ազգային Ժողովին եւ այդ չորս քաղաքական ուժերի հետուում կանգնած ժողովրդին»։

Ըստ Ա. Ռուստամյանի, Թովմասյանը վերջում սկսել է հասկանալ, թե ինչ է ասել եւ փորձել է բացատրել ղալաթ բառի նշանակությունը։  «Հրայր Թովմասյանը փորձել է բացատրել, որ ղալաթ բառը արաբերեն նշանակում է՝ սխալ են արել: Փոխանակ ասի սխալվել եմ, լեզվի սայթաքում է, ավելի է խորացնում իրավիճակը: Հիմա եթե մենք իրեն ասենք՝ ղալաթ ես անում, չաթլախ, չնեղանաք»,- հայտարարել էր Արմեն Ռուստամյանը: Այնուհետեւ նա պարզաբանել էր, թե «չաթլախ» բառը տաճկերեն է, որը նշանակում է «ճաք տված», կարող եք բացել Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանը ու այնտեղ հայտնաբերել բառի բացատրությունը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am