ԱՄՆ դեսպանը կենսաթոշակային բարեփոխման արտահաստիքային փաստաբան է աշխատում: Այս մասին այսօր հայտարարել է տնտեսագետ, ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ՝ վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ ինքը կողմ է կուտակային կենսաթոշակային համակարգին: «Հավատում եմ, որ նա ի սրտե է խոսում: Չնայած նրա երկրում նմանատիպ բան գոյություն չունի, սակայն նա այդ համակարգը մեզ համար գովելի է համարում»,-ասել է Բոստանջյանը: Նկատենք, որ ԱՄՆ-ում այդ համակարգը կամավոր բնույթ է կրում:
Ըստ Բոստանջյանի՝ պետության ֆինանսական քաղաքականությունը դժվար է բացատրել. Երբ պետությունից 5 – 10 մլն դրամ են խնդրում որեւէ սահմանամերձ գյուղում դպրոց կառուցելու կամ վերանորոգելու համար, գումար չկա: Իսկ կենսաթոշակային բարեփոխման համար երկրում արդեն 21 մլրդ դրամ է ծախսվել: «Ինչո՞ւ է պետությունն այդքան ուզում երջանկացնել մեզ՝ բռնի կերպով ու առանց հարցնելու»,-վրդովվել է Բոստանջյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի մեկից երկրում ներդրվել է կենսաթոշակային նոր համակարգ:



























