ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն արձագանքել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քայլին, որը ԱԺ-ում մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելիս դուրս է եկել դահլիճից:
Մարգարիտ Եսայանն այս առթիվ Facebook-ի իր էջում գրել է. «Քիչ առաջ, ԱԺ դահլիճում, որտեղ քննարկվում էր «Մարտի 1-ի» եւս մեկ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, նախքան հիմնական զեկուցողին հարց տալն, առաջարկեցի մեկ րոպե լռությամբ հարգել «Մարտի 1-ի» զոհերի հիշատակը: Իմ նախկին ու ներկա գործընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին, խնդրում եմ «Մարտի 1-ի» զոհերի հիշատակը դահլիճից դուրս եւ դահլիճում հարգելը չդարձնել, ինչպես իրեն բնորոշ է, սեփական իմիջի փառաբանման գործիք»:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր քայլը բացատրել էր նրանով, որ այդ դահլիճում են գտնվում Մարտի 1-ի զոհերի համար պատասխանատու մարդիկ: Նրա խոսքով՝ ինքը չի մասնակցել լռության րոպեին եւ դուրս է եկել դահլիճից, որովհետեւ այսօր ԱԺ դահլիճում նստում են մարդիկ, ովքեր ուղղակի կապ ունեն «Մարտի 1-ի» սպանությունների կազմակերպման եւ իրագործման հետ ու նրանց հետ կողք կողքի լռության րոպեին մասնակցելը անարգանք կլիներ զոհերի հիշատակի առաջ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























