2008թ. մարտի 1-ին Երեւանում արտակարգ դրության ռեժիմի կիրառումն օրենքով չէր կարգավորվում: Այս մասին փետրվարի 26-ին ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ խորհրդարանում 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի հետաքննման հանձնաժողով ստեղծելու իր նախաձեռնության քննարկումների ընթացքում:
Նա հիշեցրել է, որ 2005-ի նոյեմբերին Հայաստանում սահմանադրական փոփոխություններ էին ընդունվել: Համաձայն 55 հոդվածի 14-րդ կետի՝ արտակարգ դրության իրավական ռեժիմը պետք է կարգավորվի օրենքով: Բայց նման օրենք ընդունվել է միայն 2012-ի մարտին: «Չունենալով արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք՝ այն չէր կարելի հայտարարել»,- ասել է Ջհանգիրյանը:
Նշենք, 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետաքննման հանձնաժողով ստեղծելու Ջհանգիրյանի նախորդ նախաձեռնությունը տապալվել էր խորհրդարանական մեծամասնության կողմից:
2008թ. մարտի 1-ին իշխանության եւ ընդդիմության միջեւ բախման հետեւանքով Երեւանի կենտրոնում սպանվել էին ութ ցուցարար եւ Ներքին զորքերի երկու զինծառայող: Սպանությունների համար ոչ ոք առայսօր չի պատժվել:



























