Ուկրաինայի իրադարձությունները մի քանի դաս տվեցին Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, մմուլի ասուլիսի ժամանակ նշել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ եթե անկեղծ խոսենք, Ուկրաինան շատ է տարբերվում Հայաստանից: «Թեեւ կան մի քանի նմանություններ՝ տնտեսական անհավասարություն ու հասարակական դժգոհությունը, բայց Հայաստանում կառավարման փակ համակարգը շատ է տարբերվում ուկրաինականից: Հայաստանում քաղաքացիական հասարակությունը ավելի քիչ կազմակերպված է»,-նշել է Կիրակոսյանը:
Հայաստանի կառավարության համար առաջին դասը, ըստ նրա, այն է, որ Ուկրաինան ցույց տվեց, թե որքան վտանգավոր է թերագնահատել «փողոցի ուժը» եւ գերագնահատել ուժի կիրառումը: «Երկրորդ դասը՝ թե որքան վտանգավոր է անտեսել բարեփոխումների հասարակության սպասումները: Հայաստանի իշխանությունների եւ օլիգարխների համար երրորդ դասն այն է, թե ինչ տեղի ունեցավ, երբ Յանուկովիչը փախավ, այն հարվածը, որ ստացավ Ուկրաինան կոռուպցիայի հետեւանքով»,-ասել է փորձագետը:
Հայաստանի ընդդիմության համար առաջին դասն, ըստ նրա, վերաբերում է շարժվող ուժին: Ուկրաինան ցույց տվեց, որ հասարակական դժգոհությունը հաշվի առնելով, կա երեք պահանջ՝ առաջնորդություն, կազմակերպվածություն եւ ռազմավարական տեսլական կամ այլընտրանք: «Իմ կարծիքով, Հայաստանի հին ընդդիմությունը ձախողվել է բոլոր այս նշված կատեգորիաներով: Ընդդիմության համար երկրորդ դասը նոր մարտավարության որդեգրումն է, իսկ երրորդը՝ աշխարհագրության կարեւորությւոնը, այլ խոսքով, ակտիվությունն ու գործողությունները մարզերում, ոչ թե միայն Երեւանում»,-ամփոփել է Կիրակոսյանը:




























