Կիեւի դեպքերը Ռուսաստանին կարող են ստիպել փոխել Հայաստանի  նկատմամբ քաղաքականությունը,  առավել հարգալից վերաբերվել Երեւանին եւ գիտակցել, որ Հայաստանն այժմ ավելի կարեւոր է իր համար, քան նախկինում: Այս մասին փետրվարի 26-ի մամուլի ասուլիսում նշել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Ըստ նրա՝ առայժմ վաղաժամ է ասել՝ ինչ ապագա կունենա Ուկրաինան, բայց Հայաստանի համար սա, հավանաբար, ամենակարեւոր հարցն է:

«Ուկրաինայի դեպքերը  մեծ հարված էին Մաքսային միության ապագային, եւ թուլացրին այդ կառույցին Հայաստանի անդամակցելու հեռանկարները», - ընդգծել է Ռիչարդ Կիրակոսյանը: Կիեւում բախումներն ամենասկզբից Ռուսաստանին հանկարծակիի բերեցին, քանի որ նա չգիտեր՝ ինչ է կատարվում այդ երկրում:

«Հայաստանի նման, Կիեւի նախկին իշխանությունն ավելի թույլ էր, քան բոլորին թվում էր: Բայց վերջնական փուլում Ռուսաստանը որոշեց ուղղակիորեն չներքաշվել բախումներին», - նշել է փորձագետը: