Աբխազական երկաթուղու բացման հարցը, երկաթուղային հաղորդագրության բացակայությունը չեն խանգարի Հայաստանի ու Մաքսային միության հաղորդակցմանը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի տրանսպորտի ու կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը: Նա ուշադրություն է դարձրել նրան, որ Աբխազական երկաթուղու բացման հարցը զուտ քաղաքական է: Իսկ Մաքսային միությունը ենթադրում է տնտեսական ինտեգրացիա, այդ թվում՝ տրանսպորտային:

«Հայաստանի ու ՄՄ միջեւ բեռնափոխադրումներ իրականացվում են նաեւ հիմա, չնայած ոչ Աբխազական երկաթուղով: Բնական է, որ լավ կլիներ, որ հարցը դրական լուծում ստանար. Հայաստանը լուրջ տարանցման պոտենցիալ կունենար: Սակայն դրա բացակայությունը ինտեգրացիայի հնարավորությունը չի սահմանափակում»,-ասել է փոխնախարարը: