Փետրվարի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ն ընդունել է Երկրապահ կամավորականների միության նորընտիր վարչության անդամներին` միության նախագահ, ԱԺ պատգամավոր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Հանդիպման սկզբում ԵԿՄ նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, համառոտ կերպով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է ԵԿՄ անցած ուղին ու նպատակները: Մասնավորապես անդրադառնալով հայրենասիրական ոգու բարձրացմանը եւ ազատամարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ԵԿՄ ծրագրերին` Մանվել Գրիգորյանը հայցել է Վեհափառ Հայրապետի օրհնությունը կառույցի տասներորդ հոբելյանական տարվա կապակցությամբ:
Ողջունելով ԵԿՄ անդամներին` Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել նրանց` նախախնամական նկատելով Ս. Վարդանանց նահատակներին եւ Ս. Ղեւոնդյանց քահանաներին նվիրված տոների շրջանում նրանց այցը Մայր Աթոռ: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է նաեւ այսօր հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին` նշելով, որ դժվարությունների հաղթահարման միակ ճանապարհն այն ոգին է, որ դրսեւորվել է Արցախյան հերոսամարտում:
Նորին Սրբությունը հորդորել է ԵԿՄ անդամներին շարունակել միության գործունեությամբ վառ պահել հայրենասիրության ու հայրենանվիրումի ոգին եւ փոխանցել այն երիտասարդ սերունդներին, որպեսզի միշտ անպարտ մնա Հայաստան աշխարհը:
Հանդիպման ընթացքում որոշվել է Երկրապահի օրն առանձնահատուկ կերպով նշել Մայր Աթոռում` առիթ ընձեռելով երկրապահ կամավորականներին այցելելու Ս. Էջմիածին եւ նորոգելու Հայրենիքին կամավորաբար ծառայելու իրենց սրբազան ուխտը:



























