Հայաստանը ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության համար «Նաիրիտ» գործարանում ներդրումներ կատարելու լավ պայմաններ է ստեղծել: Այս մասին փետրվարի 26-ի մամուլի ասուլիսում նշել է էներգետիկայի փոխնախարար Իոսիֆ Իսայանը:
«Մաքսային միության շրջանակում հարաբերություններ են ստեղծվում, որտեղ չկան մաքսատուրքեր, եւ ապրանքների տեղափոխումը հեշտացված է: Իհարկե, ռուսական ընկերության համար պայմանները լավ են: Իսկ արտադրանքը, որն այն նախատեսում է թողարկել՝ անվադողերի կաուչուկը, շատ պահանջված է արտասահմանյան շուկաներում», - նշել է Իսայանը:
Ներդրումային ծրագրի մանրամասները, հավելել է նա, ժամանակին խոստացել էր բացահայտել «Ռոսնեֆտ»-ը, իսկ առայժմ դրանք բանակցությունների առարկա են:
Հիշեցնենք, «Նաիրիտ»-ում 500 մլն դոլարի ներդրումներ կատարելու «Ռոսնեֆտ»-ի պատրաստակամության մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Սոչիում փետրվարի 24-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա էր նաեւ «Ռոսնեֆտ»-ի տնօրեն Իգոր Սեչինը:
«Նաիրիտ»-ը չի գործում 2010 թվականից:




























