«Հայֆիլմ» կինոստուդիան վաճառելը ստոր քայլ էր։ Փետրվարի 26-ին լրագրողներին հետ հանդիպմանը այս մասին ասաց «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը՝ անդրադառնալով կինոստուդիայի անորոշ ճակատագրին։

«Շատ վատ եմ զգում, որ մեր ներուժը շատ քիչ էր, ու մենք չկարողացանք դիմադրել այդ վաճառքին։ Պետք է անիծվեն  բոլոր այն մարդիկ, ովքեր նպաստեցին այդ գործընթացի իրականացմանը. կարծես կինոստուդիայի գոյությունը խանգարում էր իրենց առաջընթացին: Դա կարծեմ մի ստոր քայլ էր՝ հայատյաց երեւույթ: Կարելի էր փոխել որոշ գործառույթներ, բայց որ այդպիսի վայրենի ձեւով վաճառվեր եւ թալանվեր, դա թշնամու եւ հանցագործի կեցվածք էր, որտեղ դժբախտաբար  մեծ ուրախությամբ եւ հաճույքով մասնակցություն ունեցան նաեւ կինեմատոգրաֆիստները՝ կարծելով, թե իրենցից հետո այլեւս ոչ ոք կինո չի նկարի»։

Խաչատյանը հիշեցրեց, որ միայն երկու մարդ էր պայքարում «այդ ոհմակի դեմ»՝ ինքը եւ կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը:

«Հիմա այն մարդիկ, ովքեր իրենց անձնական շահագրգռվածությամբ վաճառեցին այդ ստուդիան եւ ստացան իրենց հասանելի գումարները, նորից ուզում են հետ վերցնել այն: Դա ծիծաղելի է, որովհետեւ հենց իրենք պետք է պատասխան տան մի օր, գոնե Աստծո առաջ»,- ասաց կինոռեժիսորը՝ նշելով, որ լուրջ զբաղվելու դեպքում հնարավոր է պետությանը վերադարձնել արդեն տասը տարի անգործության մատնված կինոստուդիան։

Հիշեցնենք, որ «Հայֆիլմ» կինոստուդիան 10 տարի առաջ վաճառվեց ընդամենը 600 հազար դոլարով։ 

Այս թեմայի շուրջ Հարություն Խաչատրյանի ընդարձակ հարցազրույցը NEWS.am-ին կարդացեք վաղը։