Մինչ նախագահական նստավայրում փետրվարի 26-ին ընթանում էր նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի հանդիպումը, նստավայրի հանդիպակաց մայթին արդեն երկու տարի նստացույց անող Էմմա Սահակյանը ՀՀ նախագահին ուղղված պաստառով սպասում էր, որ գոնե Հունաստանից ժամանած բարձրաստիճան հյուրերը կնկատեն իրեն ու կանգ կառնեն:
«Ամեն օր անցնում ա ու ինձ տեսնում ա պլակատով կանգնած, մի անգամ գոնե 2 րոպեով իջնի, ասի` միգուցե ինձ ճիշտ չեն տեղեկացրել: Տասից ավել դիմում եմ ներկայացրել, վերջին չորս դիմումին չեն էլ պատասխանել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց տիկին Էմման, որը ներկայանում է որպես Գարեգին Նժդեհի եղբոր դուստր:
Տիկին Էմմայի խոսքով` 2009թ. իրենից խլել են բնակարանը, ինչից հետո նա երկու տարի գիշերել է բարեկամների տներում։ 2012թ. 21 օր հացադուլ է արել նախագահական նստավայրի դիմաց, հետո անցել նստացույցի, եւ արդեն երկրորդ տարին է՝ ինչ իր խոսքով, ամեն օր նախագահականի դիմաց է։
Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի ուշադրությունը նույնպես տիկին Էմմային չհաջողվեց գրավել։ Ավտոշարասյունն առանց կանգ առնելու անցավ նրա կողքով:











