Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող «Փաստարկ» ծրագիրը փայլուն հնարավորություն է ուսանողների համար բանավոր խոսքը, վերլուծական կարողությունները զարգացնելու համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին ծրագրի բացման ժամանակ հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Լսարանի շրջանակները պրպտող մտքի համար պետք է միշտ սահմանափակ լինեն եւ չբավարարեն ձեր մղումներին ու ձգտումներին: Նման ակումբ ձեւավորելու, նման քննարկումների ձեւաչափ առաջարկելու նախաձեռնությունը, չափազանց ողջունելի է»,- ասաց նա:
Վիգեն Սարգսյանի բնորոշմամբ, մասնագիտական կյանքը սկսվում է ուսանողական տարիներից, եւ այն, որ երիտասարդներն արդեն ուսանողական տարիներին կարողանալու են անդրադարձ կատարել էական, արդիական խնդիրներին, չափազանց կարեւոր է: «Փաստարկված խոսելու համար պետք է գիտելիքների լուրջ բազա: Ինչպես ասում էր Կոնֆուցիուսը, սովորել առանց մտածելու անիմաստ է, իսկ մտածել առանց սովորելու՝ վտանգավոր: Ես հուսով եմ, որ դուք ձեզ այդ վտանգին չեք մատնի: Այս ակումբ կգաք պատրաստված, ինչը թույլ կտա ձեր փաստարկները կառուցել ոչ թե զգացական մոտեցումների, այլ իմաստավորված եւ գիտակցված վերլուծության հիման վրա,- ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը` հավելելով, որ ակումբը մեկ դեր էլ ունի կարեւոր,- բարձրագույն կրթությունը, հատկապես մագիստրոսական մակարդակում, նախատեսում է ոչ թե ճիշտ պատասխաններ սովորեցնել, այլ ուսանողների առջեւ ճիշտ հարցերի շարք բարձրացնել: Բարձրագույն կրթությունը, հատկապես հումանիտար բնագավառներում, չունի հարցերի ճիշտ պատասխաններ, եթե ունենար, աշխարհն ավելի լավը կլիներ, քան այսօր է: Դուք պետք է հասկանաք այն հարցերը, որ արդիական են, եւ ձեր ներդրումը բերեք աշխարհի առաջընթացի մեջ»:
Նշենք, որ ծրագրի ընթացքում անցկացվեց ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ինտելեկտուալ մրցույթ: Ժյուրիի նախագահն էր Պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման եւ քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Մարգարյանը: Ժյուրին մասնագիտական վերլուծությունից հետո ներկայացրեց հաղթողներին, ովքեր էլ արժանացան մրցանակների։




























