Ղրիմի հայ համայնքի պաշտոնական դիրքորոշումը համահունչ է Ուկրաինայի հայ համայնքի պաշտոնական դիրքորոշմանը: Հայերը ստեղծված իրավիճակում չեզոքություն են պահպանում եւ երկրում խաղաղության եւ կայունության պահպանման կողմնակիցն են: Սիմֆերոպոլի հայ համայնքի ղեկավար Վաղարշակ Մելքոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ նախօրեին Սիմֆերոպոլի հայերը հավաքվել էին՝ քննարկելու համայնքի անվտանգությանն առնչվող հարցեր: «Մենք բոլորին խնդրում եք, որ ամեն ինչ խաղաղ ընթանա: Անհրաժեշտության դեպքում՝ խուլիգանության, թալանի պարագայում, մենք պատրաստ ենք պաշտպանել միմյանց», - ասել է նա՝ հավելելով, որ այս պահին Ղրիմի հայերին ոչինչ չի սպառնում:
Ինչ վերաբերում է Սիմֆերապոլի իրադրությանը, Վաղարշակ Մելքոնյանը հայտնել է, որ Ղրիմի Գերագույն խորհուրդը այսօր պետք է իր դիրքորոշումը հայտնի Կիեւի իրադարձությունների, Մայդանի եւ երկրում իշխանափոխության վերաբերյալ:
Նշենք, որ Ղրիմի խորհրդարանի մոտ երկու ցուցյ է տեղի ունեցել՝ ռուսամետ ակտիվիստների եւ Ղրիմի թաթարների: Ըստ Ուկրաինայի լրատվամիջոցների՝ բախումներ էին սկսվել ռուսամետ ցուցարարների եւ Ղրիմի թաթարների միջեւ: Սակայն մեր զրուցակիցն այդ մասին ոչինչ չգիտեր: Ըստ նրա՝ ցույցը տեղի է ունենում միայն խորհրդարանի մոտ, իսկ քաղաքի մյուս թաղամասերում հանգիստ է: «Ինձ միայն հայտնի է, որ տարբեր վայրերից տարբեր ազգության մարդիկ են այժմ գալիս Սիմֆերոպոլ», - ասել է նա:




























