Արմեն Եթենիկյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնատար անձի կոչումն ինքնակամ յուրացնելու եւ շորթման մեղադրանքով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից: Նա դատապարտվել է ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով, սակայն համաներմամբ ազատվել է նշանակված պատժից, իսկ ՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին խափանման միջոցն էլ թողնվել է անփոփոխ:
Պարզվել է, որ Արմեն Եթենիկյանը 2013թ. ապրիլ ամսին Նոր Արեշ 46 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում ծանոթացել Քեորք Քահվջյանի հետ եւ պաշտոնատար անձի կոչումն ինքնակամ յուրացնելով` վերջինիս մոտ վստահություն ձեռք բերելու համար ներկայացել է որպես ԱԱԾ պաշտոնյա, եւ տեղեկանալով մեքենաների առուվաճառքի հետ կապված Ք.Քահվջյանի անհաջող գործարքի մասին, որպես ԱԱԾ աշխատակից՝ առաջարկել է իր օգնությունը: Ստանալով վերջինիս համաձայնությունը, իբր ձեռնամուխ է եղել իր աշխատակիցների միջոցով ոմն Հրաչից մեքենաների անհաջող փոխանակման հետեւանքով տարբերություն` 2.000 ԱՄՆ դոլար գումարը հետ վերադարձնելու հարցում, սակայն Ք.Քահվջյանը հետագայում մտափոխվել եւ խնդրել է Ա.Եթենիկյանին դադարեցնել ոմն Հրաչից գումարը հետ ստանալու ընթացքը: 2013թ. մայիսի 16-ին Ա.Եթենիկյանը այցելել է Աթոյան փողոցի վրա գործող Ք.Քահվջյանի աշխատավայր, եւ օգտագործելով արդեն իսկ վերջինիս մոտ ձեռք բերված ազդեցությունը` սեռական բնույթի հայհոյանքներ եւ բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել նրա հասցեին, որից հետո հաջորդ օրը Ք.Քահվջյանի գործընկերոջ` Միկայի միջոցով, կրկին սպառնալով` որպես փոխհատուցում նրանից պահանջել եւ Մալաթիա վարչական շրջանում գործող «Փարկինք» սրճարանում ստացել է 1.000 ԱՄՆ դոլար գումար։ Դատարանի վճռով նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քր. օր-ի 317 հոդվածով և 182 հոդվածի 1-ին մասով, դատապարտել ազատազրկման` 2 տարի, 6 ամիս ժամկետով, սակայն «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ազատվել նշանակված պատժից։




























