Մոսկվայի կենտրոնի Կիեւյան կայարանում Ուկրաինայից վերադարձած երկու ակտիվիստի են ձերբակալել:

 Ձերբակալվածներից մեկը Իլդար Դադինն է: Ըստ ականատեսների՝ ակտիվիստները Կիեւից գնացքով էին եկել, կայարանից դուրս եկել հրապարակ, որտեղ նրանց ձերբակալել էին չորս ոստիկան եւ տարել անհայտ ուղղությամբ, հայտնում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով ovd.info-ն: 

Ներկայումս ճշտվում են կատարվածի մանրամասները:

Ըստ որոշ տվյալների՝ ակտիվիստներին ձերբակալել են քրեական հետախուզության եւ ԱԱԾ-ի աշխատակիցները, նրանք գտնվում են «հերթապահ մասում», ակտիվիստներին փորձում են հարցաքննել: 

Հիշեցնենք, որ Իլդար Դադինը ձերբակալվել էր 2013թ. հոկտեմբերին՝ չարտոնված ցույցի ժամանակ, նրա հետ ձերբակալվել էր եւս երեք մարդ: Ակտիվիստները քայլել էին Արբատով՝ վանկարկելով  «Հիտլերը նույնպես գեյերից էր սկսել: Ո՛չ ռուսական ֆաշիզմին» պաստառով՝ բողոքելով գեյերին ծնողական իրավունքներից զրկելու օրինագծի դեմ: Ձերբակալությունը կոշտ բնույթ է կրել, ոստիկանության աշխատակիցները միանգամից չեն կարողացել Իլդարին նստեցնել հերթապահ մասի մեքենան: