Հայաստանի կառավարության անդամները չեն կարողացել պատասխանել ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին՝ կապված Որոտանի ՀԷԿ-ի հետ: Խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ Մանուկյանը ուշադրություն է դարձրել, որ Որոտանի կասկադում ներառված երկու ջրամբարներ ազգայն նշանակության ջրային օբյեկտների ցանկում են ու մասնավորեցման ենթակա չեն՝ համաձայն Հայաստանի Ազգային ջրօգտագործման ծրագրի, որն օրենքի ուժ ունի:
Նա նշել է, որ Հայստանում գործում է ընդամենը 79 ջրամբար: Որոտանի կասկադում ներառված են Սպանդարյանի, Տոլորսի, Շամբի ու Անգեղակոթի ջրամբարները: Դա Հայաստանի կուտակվող ջրային ռեսուրսների կեսից ավելին է: Առաջին երկուսը պետական նշանակության օբյեկտների ցանկում են ու մասնավորեցման ենթակա չեն: «Սակայն կառավարությունը որոշել է մասնավորեցնել կասկադը: Ըստ էության դա օրենքի խախտում է: Ո՞վ է պատասխան տալու»,-հայտարարել է Մանուկյանը:
Դահլիճում ներկա կառավարության անդամները միանգամից պատասխանել չեն կարողացել ու ավելի ուշ գրավոր կերպով պատասխանելու հնարավորություն են խնդրել:




























