Չեմ միջամտում որդուս դեմ իրականացվող դատավարության գործընթացին:
Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը։
«Ի՞նչ է նշանակում մարիխուանա ծխել, դա շատ վատ երեւույթ է, առավել եւս իմ տղան չպետք է անի նման բան։ Ոնց որ դատը պետք է ընթանար, այդպես էլ ընթանում է: Ինքն իր պատիժը պետք է կրի օրենքին համապատասխան»,- ասաց նա:
Յու. Վարդանյանը նշեց, որ եթե ասում է չի միջամտում այդ գործընթացին, դա չի նշանակում, անտարբեր է: «Իմ որդին է, իմ որդին ինձ համար ամենաթանկն է, բաց ինչի՞ն միջամտեմ, որպես ի՞նչ միջամտեմ, եթե սխալն ինքն է թույլ տվել, իր սխալի համար ինքը պետք է պատասխան տա»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ այլ պաշտոնյաները նման դեպքերում օգտագործում են իրենց պաշտոնեական դիրքը, Յու. Վարդանյանն ասաց. «Բայց նախարարական դիրքը ես օգտագործեմ իմ տղայի անձնական հարցերը լուծելու համար, էդ ինչքանո՞վ ճիշտ կլինի: Մանավանդ, որ սխալ է թույլ տվել: Ուրիշ բան՝ իմ դիրքը, իմ անունն օգտագործեի, մի հատ աշխատանքի տեղավորեի, վատ բանի համար միջամտե՞մ»:
Նախարարը տեղեկացրեց, որ նախատել է որդուն, քանի որ նա լավ բան չի արել. «Ոչ ոքի նման բան չեմ ցանկանում»: Յու. Վարդանյանն ասաց, որ ինքն անընդհատ զբաղված է եղել, 16 տարի շարունակ ԱՄՆ-ում է ապրել:
«Ամերիկայում 13 տարեկանից այդ գործերով զբաղվում են դպրոցներում, ես էլ ամբողջ ժամանակս զբաղված եմ եղել եւ հասարակական, եւ քաղաքական գործերով: Ես էլ այդ առումով ընդհանրապես փակ մարդ եմ, իմ կյանքի մեջ մինչեւ այսօր չեմ տեսել, չգիտեմ, թե այդ մարիխուաննան իրենից ինչ է ներկայացնում: Ես ոնց կարող էի ուշադիր լինեի, եթե իմ կյանքում չի եղել նման բան, եթե այդ ճանապարհն անցած լինեի, իհարկե, ուշադիր կլինի, որ իմ երեխան չընկներ այդ գործերի մեջ»,- ասաց նա:
Նախարարը նաեւ ասաց, որ ընդունում է իր սխալը, պետք է ավելի ուշադիր լիներ՝ միաժամանակ նշելով, որ մյուս երկու որդիները նման արարքներ թույլ չեն տալիս. «Դա մի չարիք է, որ յուրաքանչյուրին կարող է գալ ու կպնել: Բայց ես ուրախ եմ նրա համար, ինչ եղավ եւ ուրախ եմ, որ իմ տղան այսօր հասկացել է: Ուզում եմ բոլորդ իմանաք, որ բացի ծխելուց ուրիշ ոչ մի բան չի եղել իր մեջ: Մի բան էլ կավելացնեմ՝ նաեւ եղել է ցավազրկիչ, որը վաճառվում է դեղատանը: Ոչ էլ դրսից է բերված եղել, այստեղ է ինքը ձեռք բերել: Եթե ես փողոցային լինեի ու ոչ թե սպորտսմեն, այդ գործերով էլ զբաղված լինեի, այնպես կնկատեի, որ ավելի լավ, քան որեւէ մեկը: Բայց ես այդ հարցերում անտեղյակ մարդ եմ, մինչ այսօր չեմ տեսել, իրան էլ ասեցի՝ բեր, մի հատ աչքովս տեսնեմ, հասկանամ, թե իրենից ինչ է ներկայացնում այդ անտերը»։
Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Իրանից առանց իրացնելու նպատակով թմրանյութ ձեռք բերելու եւ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու փորձի համար:




























