Սպորտի նախարարության աշխատակիցների վերաբերմունքն իմ նկատմամբ միշտ դրական եղել, այս պահին առավել եւս դրական է։ Այդ մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախարարությունում արած այն հայտարարությանը, թե Յուրի Վարդանյանը լեգենդ է, իսկ նախարարության աշխատակիցները նրան պատշաճ չեն ներկայացնում:
Նախարարն ասաց, որ Սերժ Սարգսյանի խոսքը հիմնական ուղղված էր փոխնախարարներին, աշխատակազմին. «Ես դա առաջնահերթ վերցնում եմ ինձ վրա, որովհետեւ ես պետք է նախաձեռնություն վերցնեի ինձ վրա, հանդես բերեի՝ գնալու դպրոցներ: Իրականում ինֆորմացիան լավ չի հասել նախագահին, մենք գնացել ենք, ինչքան որ կարողացել ենք այս կարճ ժամանակահատվածում, շրջել ենք: Պարզապես ես ինձ հետ լրագրողներին չեմ տանում, որ ցույց տամ՝ ի տարբերություն շատ ուրիշ մարդկանց, որ չեղած բանն ուզում են ցուցադրել: Երեսուն տարի առաջ այնքան են իմ մասին խոսել, այսօր դրա կարիքը չունեմ: Բայց նախագահն ասում էր չէ, եթե գնում ես, անպայման պիտի լրագրողներին տանես, քո արած աշխատանքը ցույց տաս: Ես էլ կանեմ այն, ինչ նախագահն ասել է»։




























