Աշոցքում կառուցվող դպրոցի նոր շենքը պատրաստ կլինի մայիսին, իսկ նախկին մասնաշենքը վերակառուցվում է որպես բազմաբնակարան շենք: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին Աշոցքի համայնք կատարած այցի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին հայտնեցին համայնքի ղեկավարները:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են. «Դպրոցը նախատեսված է 400 աշակերտի համար, ունենալու է կաթսայատուն եւ ջեռուցման համակարգ, երկու մարզադահլիճ` բացօթյա մարզահրապարակով եւ դպրոցի ներսում գործող դահլիճով:  Ծրագրի ընդհանուր արժեքը  736 մլն դրամ է:

Համայնքի նախկին դպրոցի մասնաշենքերից մեկը ներկայումս վերակառուցվում է որպես բազմաբնակարան շենք, որտեղ պետք է տեղափոխվեն վթարային շենքերից մեկի ընտանիքները: Այդ ծրագրի իրականացման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ հրատապ ծրագրով հատկացվել էր 31 մլն դրամ:

Համայնքում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով  հիմնանորոգվել է մանկապարտեզը: Ներկայումս կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ, շենքն ամբողջությամբ  պատրաստ կլինի մայիսին, ինչպես նաեւ կապահովվի անհրաժեշտ գույքով:  Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ  74 մլն դրամ»: