Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան այսօր` փետրվարի 26-ին ԵՄ կենտրոնում հանձնեց «ԵՄ-ը Հայաստանում» ակումբի մասնակիցների հավաստագրերը՝ հույս հայտնելով, որ ակումը հարթակ կդառնա Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների քննարկումների համար:

Դեսպան Հրիսթեայի խոսքերով, դասընթացը հաջողությամբ ավարտած բոլոր մասնակիցները կդառնան «ԵՄ-ը Հայաստանում» ակումբի շրջանավարտ: «Մենք ունենք ակումբի առաջին շրջանավարտների խումբ, որին ներկայացվել են Եվրոպական միության ու Հայաստանում ԵՄ գործունեության տարբեր ասպեկտները», ասաց դեսպանը՝ հույս հայտնելով, որ «ԵՄ-ը Հայաստանում» ակումբը հարթակ կդառնա ԵՄ-Հայաստան հարաբերությունների եւ համագործակցության վերաբերյալ քննարկումների համար»:

«ԵՄ-ը Հայաստանում» ակումբը հիմնվել է ազդեցիկ եւ բանիմաց շրջանավարտների ցանց ստեղծելու նպատակով: Ակումբի գործունեությունը ներառում է գրավիչ դասընթացն ու օգտակար ցանցային միջոցառումները ավագ պաշտոնյաների եւ հայաստանյան հասարակության ճանաչված ներկայացուցիչների համար: Դասընթացների նպատակը ԵՄ-Հայաստան հարաբերությունների եւ համագործակցության վերաբերյալ վստահելի տեղեկատվության տարածումն է:

Մասնակիցներն էին Հայաստանի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, առաջատար լրագրողներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ակադեմիական, գործարար եւ կրոնական շրջանակների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ուսանողներ:

Նշենք, որ ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին եւ նպաստել Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տեւողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» եւ «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։