Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական էներգետիկ համագործակցության ներկա մակարդակին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: ՀՀ նախագահը եւ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահն այդ թվում անդրադարձել են գազի ոլորտում փոխգործակցությանը՝ ամփոփելով վերջին տարիներին «ՀայՌուսգազարդ» համատեղ ձեռնարկության գործունեության արդյունքներն ու խոսել «Գազպրոմ Արմենիա» ընկերության հեռանկարային ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանի եւ Ալեքսեյ Միլլերի հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ «Գազպրոմ»-ի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին:
Արձանագրելով, որ 2002 թվականից հաջողվել է էապես բարձրացնել Հայաստանում գազիֆիկացման մակարդակը, գազի սպառման ծավալն ու գազամատակարարման հուսալիությունը, կողմերը քննարկել են «Գազպրոմ»-ի կողմից «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարության 20 տոկոս բաժնեմասի ձեռքբերումից հետո, հետագա համատեղ աշխատանքներին, ինչպես նաեւ գազի սակագնին եւ գնագոյացմանը վերաբերող հարցեր:




























