Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամը եւ ամերիկյան «GK Brand» ամերիկյան մարքեթինգային ընկերությունը դեկտեմբերի 1-ին, կներկայացնի Հայաստանի ազգային բրենդի ստեղծման ծրագիրը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Երեւանում «Ազգային բրենդի ռազմավարություն. անելիքներ եւ հեռանկարներ» խորագրով շնորհանդեսի ժամանակ հայտնել է Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը:
Շնորհանդեսին ներկա էին ամերիկյան «GK Brand» ընկերության տնօրեն Վազգեն Քալայջյանը եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: Նրանք 2014թ.-ի փետրվարի 20-ին Կառավարությունում ստորագրել են պայմանագիր երկրի բրենդավորման մրցունակ ռազմավարության մշակման վերաբերյալ:
«Ազգային հզոր բրենդը կօգնի ապահովել Հայաստանի մուտքը համաշխարհային շուկաներ՝ ներդրումային հոսքեր ապահովելով եւ հետաքրքրություն առաջացնելով արտահանվող տեղական ապրանքների, ծառայությունների հանդեպ: Բրենդի մշակումը կարեւոր է նաեւ զբոսաշրջության զարգացման համար. այս ոլորտը մշտապես եղել է Հայաստանի կայուն աճի գրավականը»,-ասել է Արման Խաչատրյանը:
Վ. Քալայջյանը ներկայացրել է ազգային բրենդի ռազմավարության մշակման հիմնարար սկզբունքները եւ իրավիճակային վերլուծությունը տարածաշրջանային եւ միջազգային համատեքստում: «Ես եզակի հնարավորություն եմ ունեցել վերջին երեք տասնամյակների ընթացքում հետեւել հայրենիքիս զարգացմանը մինչ այն պահը, երբ այն պատրաստ է բրենդային հաղորդակցության միջոցով կիրառելու տեխնոլոգիական ու ռեսուրսային նորագույն գործիքները՝ երկրի կայուն աճը խթանելու նպատակով»,- ասել է Վ. Քալայջյանը եւ ավելացրել, որ շատ ուրախ է օգնել Հայաստանին իր մշակութային հարստությունն աշխարհին փոխանցելու գործում:
«Ընկերության աշխատանքային թիմը կազմված է միջազգային մրցանակակիր փորձագետներից, ռազմավարության մշակման, նախագծման եւ ստեղծարար աշխատանքի մասնագետներից, որոնք բարձր մակարդակում տիրապետում են թվանշային, վեբ եւ շարժական տեխնոլոգիաների, սոցիալական մեդիայի, երկրի բրենդավորման եւ փաթեթավորման գործիքներին: Ընկերությունը գործընկեր գրասենյակներ ունի աշխարհի 25 երկրներում»,-ասել է նա:




























