Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության համար չկան ֆինանսական խոչընդոտներ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ Corsan Corviam իսպանական կապալառու ընկերությունը սպասում էր ճարտարագետների եզրակացությանը՝ առանց որակը վնասելու աշխատանքները շարունակելու համար:

Դրանից մեկ ժամ առաջ, ելույթ ունենալով խորհրդարանում, Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ շինարարությունը գիտակցաբար է ձգձգվել, որպեսզի որակը չտուժի: Դրա համար կառավարությունը անգամ զիջել է տնտեսական աճը՝ 2013-ին նվազեցնելով կապիտալ ներդրումները մայրուղու շինարարության վրա:

«Ի դեպ, մենք ուսումնասիրել ենք հարեւան Վրաստանի փորձը: Մենք տեսանք, որ մեր վրացի գործընկերները նույնպես բախվել են նման խնդիրների: Մեզ մոտ էլ խոչընդոտներ եղան, բայց մենք նախընտրեցինք որակը, զիջելով ծավալների ու ժամկետների հարցում: Իսկ հիմա, երբ մենք լուծել ենք մի շարք հարցեր, կարելի է սպասել, որ 2014-ին շինարարությունն ավելի արագ կընթանա»,-ասել է վարչապետը: