Հայաստանի խորհրդարանական ուժերն իրավունք ունեն անվստահություն հայտնել կառավարությանն ու վարչապետին, քանի որ դա քաղաքական պայքարի գործիք է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով հարցի, թե ինչպես է վերաբերում խորհրդարանական 4 ուժեր մտադիր են մոտ ժամանակներս բարձրացնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:
Վարչապետի գնահատմամբ՝ դա նորմալ երեւույթ է, որը կիրառվում է եվրոպական շատ երկրներում, եւ տրամաբանական է, որ մեր ընդդիմությունը կարող է օգտվել քաղաքական այդ գործիքից:
Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունը դժգոհ է վարչապետի ու կառավարության գործունեությունից, ապա Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի կամ ցանկացած ժողովրդավարական պետության պատմության մեջ չի եղել նախադեպ, որ դժգոհ չլինեն կառավարության աշխատանքից: «Քաղաքական դաշտը ենթադրում է, որ քաղաքական պայքարը միշտ պետք է լինի: Հակառակ դեպքում՝, կնշանակի, որ մենք չունենք ընդդիմախոսներ, չունենք ընդդիմություն»,-ասել է նա:




























