«Գազպորմ Արմենիա» ընկերությունը Հայաստանի գազաֆիկացիան խոշորագույն արդյունք է գրանցել՝ 2002 թվականի 21 տոկոսից 2014 թվականին հասնելով 96 տոկոսի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Երեւանում հայտարարել է «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, ով ընդլայնված կազմով խորհրդակցություն է անցկացրել՝ «Գազպրոմ» խմբի կազմում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ինտեգրման գործընթացների հետ կապված:
Խորհրդակցությանը մասնակցել են «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալներ Վալերի Գոլուբեւը, Վիտալի Մարկելովը, Սերգեյ Խոմյակովը, Վարչության անդամներ Նիկոլայ Դուբիկը, Դմիտրի Լյուգայը, Ելենա Միխայլովան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, «Գազպրոմ» ԲԲԸ եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պրոֆիլային ստորաբաժանումների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:
«Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը նշել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն հանդիսանում է լիիրավ դուստր ընկերություն «Գազպրոմ»-ի կազմում, այդ համատեքստում կարեւորելով Ընկերության գործունեության ֆինանսատնտեսական, տեխնիկական պահանջներն ու ստանդարտները «Գազպրոմ»-ի նորմատիվային բազային համապատասխանեցնելու անհրաժեշտությունը:
«Գազաֆիկացիայի այս մակարդակը նախանձելի արդյունք է Ռուսաստանում շատ սուբյեկտների համար: Եվ ամենակարեւորը, գազամատարարարման եւ գազաֆիկացման ծրագրերը, որը մենք կարողացանք համատեղ իրականացնել, առանցքային դեր ունեն երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար»,-ասել է Միլլերը: Նա ընդգծել է նաեւ վերջին տասը տարիների ընթացքում համատեղ իրականացված ծրագրերը, որոնց արդյունքներն առկա են՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ, Իրան-Հայաստան գազատար: Խոսելով հետագա աշխատանքների ու ծրագրերի մասին, Ա. Միլլերը նշել է, որ «Գազպրոմ»-ը ծրագրում է զգալիորեն բարձրացնել «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեության արդյունավետությունը եւ Ընկերության առջեւ դրված նպատակներն ու խնդիրները պետք է լինեն բավականին ամբիցիոզ:
«Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը ներկայացնելով Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներն ու հեռանկարները, մասնավորապես նշել է, որ ձեռք բերված դրական ցուցանիշները արձանագրվել են ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում: «Գազպրոմ» ԲԲԸ ղեկավարության կողմից մշտապես ցուցաբերվող աջակցության եւ վստահության շնորհիվ հնարավոր է դարձել շուրջ 900 մլն ԱՄՆ դոլարի ներդրում իրականացնել Հայաստանի տնտեսության մեջ:
Գազաէներգետիկ ոլորտում իրականացված ներդրումային լայնածավալ ծրագրերը Ընկերության ռազմավարական ծրագրի գործնական արդյունքն են, եւ ուղղված են տարածաշրջանի էներգետիկ քարտեզում ոչ միայն Ընկերության, այլ նաեւ ընդհանուր առմամբ Հայաստանի դերի ու նշանակության բարձրացմանը: Նախագծերի իրականացումը զգալիորեն նպաստել է Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը եւ բնապահպանական իրավիճակի բարելավմանը: Հատկանշվել է, որ այսօր Ընկերությունը առանցքային դիրք է զբաղեցնում Հայաստանի տնտեսության մեջ, առաջատար է հանդիսանում մի շարք մակրոտնտեսական ցուցանիշներով, այդ թվում՝ կանոնադրական կապիտալի, ակտիվների, ՀՀ պետբյուջե կատարած վճարումների չափով:
«Անցած տարին շրջադարձային էր մեր Ընկերության համար. ֆինանսատնտեսական գործունեության առումով կարեւոր իրադարձություններին զուգահեռ ՀՀ կառավարության եւ «Գազպրոմե ԲԲԸ-ի միջեւ ստորագրված համաձայնագրով «Գազպրոմ»-ը դարձել է արդեն անվանափոխված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միակ բաժնետերը:
«ՀայՌուսգազարդ»-ի կողմից ձեռք բերված ցուցանիշները այսօր կարելի է համարել մեկնարկային՝ «Գազպրոմ Արմենիաե ընկերության հետագա զարգացման ճանապարհին»,-նշել է Վ. Հարությունյանը իր խոսքում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Գազպրոմ» խմբի կազմում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ինտեգրման գործընթացների հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Մասնակիցներն անդրադարձել են նաեւ առաջիկա տարիներին «Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ-ի զարգացման ծրագրերի ուղենիշներին, ընթացիկ եւ հետագա ֆինանսատնտեսական գործունեության, Հայաստանի Հանրապետության գազամատակարարման եւ գազաֆիկացման Գլխավոր սխեմայի մշակման, ինչպես նաեւ կորպորատիվ կառավարման հետ կապված հարցերին:
Խորհրդակցության արդյունքներով «Գազպրոմ» ԲԲԸ-ի եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պրոֆիլային ստորաբաժանումներին տրվել են հանձնարարականներ՝ ուղղված «Գազպրոմե խմբի կազմում «Գազպրոմ Արմենիա» ընկերության արդյունավետ գործունեության կազմակերպմանը:




























