Պետք չէ էմոցիոնալ պատասխանի հիման վրա կառուցել դեբատներ, նախատապատրաստվել եւ շատ ավելի կոշտ ու կոպիտ պատասխանել։ Այս մասին, ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի եւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հեռակա «բանավեճին»:

«Մենք պետք է համարենք հարթված այդ միջադեպը եւ պետք է փորձենք ամեն ինչ անել, որպեսզի երկխոսությունը լինի կոռեկտության շրջանակներում»,-ասել է վարչապետը:

Նշենք, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն արձագանքելով խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից կառավարության հրաժարականի պահանջին, ասել էր, որ «ղալաթ են անում»: Ի պատասխան ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել էր, թե սա ամբարտավան պահվածք է, եւ աննախադեպ իրավիճակ։ «Արդարադատության նախարարը պետք է որ միայն պաշտպանի սահմանադրական նորմերը։ Խորհրդարանական չորս քաղաքական ուժերը ներկայացնում են 53 պատգամավոր, եւ նախարարի ասածը վիրավորում է ամբողջ Ազգային Ժողովին եւ այդ չորս քաղաքական ուժերի հետուում կանգնած ժողովրդին»։

Ըստ Ա. Ռուստամյանի, Թովմասյանը վերջում սկսել է հասկանալ, թե ինչ է ասել եւ փորձել է բացատրել ղալաթ բառի նշանակությունը։  «Հրայր Թովմասյանը փորձել է բացատրել, որ ղալաթ բառը արաբերեն նշանակում է՝ սխալ են արել: Փոխանակ ասի սխալվել եմ, լեզվի սայթաքում է, ավելի է խորացնում իրավիճակը: Հիմա եթե մենք իրեն ասենք՝ ղալաթ ես անում, չաթլախ, չնեղանաք»,- հայտարարել էր Արմեն Ռուստամյանը: Այնուհետեւ նա պարզաբանել էր, թե «չաթլախ» բառը տաճկերեն է, որը նշանակում է «ճաք տված», կարող եք բացել Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանը ու այնտեղ հայտնաբերել բառի բացատրությունը: