Ոստիկանությունը ցանկանում է խլել պահնորդական կազմակերպությունների բիզնեսը: Այս մասին այսօր` փետրվարի 26-ին հանրային քննարկմանը հայտարարեցին Հայաստանում պահնորդական գործունեություն իրականացնող եւ պահնորդներ պատրաստող կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրանց կարծիքով` «Ոստիկանական պահպանության մասին» օրինագիծը, որով հույժ կարեւոր եւ կարեւորագույն օբյեկտների պահպանության իրավունքը վերապահվում է միայն ոստիկանությանը, ոլորտում աշխատատեղերի նվազման ու արտագաղթի պատճառ կդառնա:
«Այս օրենքից շատ խնդիրներ են բխում. առաջին հերթին` աշխատատեղերի նվազեցում, երկրորդ` տնտեսվարող սուբյեկտների իրավունքների ոտնահարում ներկայիս տնտեսական մրցակցության ոչ բարեխիղճ պայմաններում: Պարտադրում են պայմանագիր կնքել, վճարել իրենց ուզած գինը, իսկ գումարները, որ վաստակելու են պահպանությունից, չեն մտնելու պետբյուջե, այլ մտնելու են արտաբյուջետային ֆոնդեր, որտեղ ոստիկանությունը կտիրապետի այդ գումարներին: Պարտադիր օրենքներ են մշակում, որոնց պատճառով մարդիկ լքում են երկիրը »,- մտահոգություն հայտնեց «Արմոբիլ» կազմակերպության տնօրեն Վահագն Կակոսյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանական պահպանության մասին օրինագծի համաձայն՝ մասնավոր կազմակերպությունները պարտավոր են մինչև 2014թ. հունիսի 1-ը պայմանագիր կնքել ոստիկանության հետ, ինչը, ըստ պահնորդական կազմակերպությունների ներկայացուցիչների, պարզապես կդադարեցնի իրենց գործունեությունը:
Նշենք, որ Կառավարությունն արդեն հավանություն է տվել օրինագծին։




























