Այսօր Ղրիմի Գերագույն Ռադայի մոտ կայացած հանրահավաքի ժամանակ հայտնաբերվել է անհայտ տարեց մարդու մարմին՝ առանց մարմնական վնասվածքների հետքերի: Այդ մասին հաղորդում է ՂԻՀ Առողջապահության նախարարությունը:
Բժիշկների նախնական տեղեկությունների համաձայն՝ մահվան պատճառը սրտի սուր նոպան է եղել: Անձը պարզվում է:
Ղրիմի Գերագույն Ռադայի շրջանում բժշկական օգնության համար 11 անձ է դիմել(զարկերակային բարձր ճնշմամբ, գլխացավով, ծնկի հոդի վնասվածքով, գանգուղեղային վնասվածքով, տախիկարդիայով ու առիթմիայով, կրծքավանդակի ցավերով ու վնասվածքներով, կողերի փակ կոտրվածքներով): Հանրահավաքի անցկացման վայրում աշխատում էր շտապօգնության 4 խումբ, հաղորդում է «Լիգան»:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին ժամը 15:00-ին իր աշխատանքները պետք է սկսել Ղրիմի խորհրդարանի արտահերթ նստաշրջանը, որտեղ ռուսամետ պատգամավորները պատրաստվում էին բարձրացնել Ուկրաինայից Ղրիմի բաժանման հարցը:
Այդ պատճառով Ղրիմի 10 հազար թաթարներ գրավել են Ղրիմի Գերագույն Ռադայի բոլոր մուտքերն ու պահանջում են հանրապետությունը պահպանել Ուկրաինայի կազմում: Ղրիմի խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունենում նաեւ ռուս ազգայնականների ակցիա, որին մի քանի հարյուր ցուցարար է մասնակցում: Նրանք պահանջում են Ղրիմը միացնել Ռուսաստանին:
Ավելի ուշ Ղրիմի Ռադայի խոսնակ Վիկտոր Կոնստանտինովը հերքել է նման որոշման նախապատրաստման մասին տեղեկությունը:




























