Ռուսաստանում հայ ներգաղթյալների համար հատուկ բուկլետներ կհրատարակվեն: Դրա շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել փետրվարի 21-ին, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի եւ ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության պետի տեղակալ Եկատերինա Եգորովայի միջեւ կայացած հանդիպման ժամանակ:
Հանդիպմանը քննարկվել է ՌԴ միգրացիայի ոլորտի վերաբերյալ օրենքների փոփոխությունները, ինչպես նաեւ դրա արդյունքում առաջացած խնդիրների հարցերը:
Նշվել է, որ հայկական կողմը ըմբռնումով է մոտենում միգրացիոն ոլորտը կարգավորելուն ուղղված օրենքների փոփոխությանը:
ՀՀ դեսպանը մի շարք կարեւոր հարցեր է առաջադրել, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացիների իրավունքներին, այդ թվում՝ առաջարկել է հաշվի առնել այն հանգամանքները, որոնք վերաբերում են այն ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ՌԴ են մեկնում սովորելու, բուժվելու կամ խնամելու հարազատներին, ինչպես նաեւ այն հանգամանքը, երբ ամուսիններից մեկը ՀՀ, իսկ մյուսը՝ ՌԴ քաղաքացի է:
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են հատուկ բուկլետ հրատարակել, որում կլինեն պատասխաններ միգրացիոն ոլորտի հարցերի վերաբերյալ, որոնց սովորաբար առընչվում են ՀՀ քաղաքացիները:
Բացի այդ, հայ լրագրողների համար հնարավորություն կստեղծվի հարցազրույց վերցնել ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցիչներից՝ պարզաբանելու համար հասարակությանը հուզող հարցերը:
Հանդիպման այլ մանրամասներ ավելի վաղ ներկայացրել էր ՀՀ արտգործնախարարությունը:

























