Գառնիի գյուղապետարանի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 26-ին, բռնություն են գործադրել տաճարի արքունական բաղնիքի դիմաց բացօթյա սրճարան կառուցող բանվորների նկատմամբ եւ արգելել շարունակել շինարարությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմի Պողոսյանը, որը նախարարության համաձայնությամբ պատրաստվում է սեզոնային սրճարան բացել տաճարի տարածքում:
«Ոստիկանություն հաղորդում եմ տվել, որ իմ աշխատողների նկատմամբ բռնություն է գործադրվել: Փետրվարի 27-ին գյուղապետ Աշոտ Վարդանյանին եւ իր աշխատողներին կանչել են ոստիկանություն՝ բացատրություն տալու: Դրանից հետո արդեն քրեական գործ կհարուցվի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց ՊՈԱԿ-ի դեմ ոստիկանությունը հաղորդում չի ստացել:
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետո զրույցում Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը հայտնել էր, որ փետրվարի 25-ին ինքն էլ է դիմել ոստիկանություն:
NEWS.am-ի հարցին՝ արդյոք Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղյակ է սրճարանի շուրջ ստեղծված աղմուկի մասին, Պողոսյանը պատասխանեց. «Հասմիկ Պողոսյանն այսօր կանչել է ու հրահանգել, որ տաճարի տոմսարկղի մոտ փաստաթուղթ փակցվի այն մասին, որ մենք ամեն ինչ օրենքով ենք անում եւ այնտեղ ոչ թե սրճարան է կառուցվում, այլ ընդամենը սեզոնային սրճարան է տեղադրվում»:
Վլադիմիր Պողոսյանի խոսքով՝ բացօթյա սրճարանի բացումը լինելու է մայիսի 9-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ը նախատեսում է հաջորդ տարվա մայիսին Գառնիում բացօթյա սեզոնային սրճարան բացել: Գյուղապետ Աշոտ Վարդանյանը նոյեմբերի 27-ին մերժել է ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին` հայտնելով, որ ինքը թույլ չի տալու կառուցել սրճարանը, մինչեւ չունենա Մշակույթի նախարարության հստակ եզրակացությունը, որ շինության տարածքը պեղումների ենթակա չէ։ Ի պատասխան գյուղապետի նամակի` Պողոսյանը NEWS.am-ին ասել էր, որ տարածքն ուսումնասիրված է եւ կա հնագետի եզրակացությունը: Նրա խոսքով` սրճարանն ամեն դեպքում կառուցվելու է եւ դրա համար գյուղապետի թույլտվությունը հարկավոր չէ:




























