Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի ստացիոնար բաժանմունքի աշխատակիցները նախորդ տարվա օգոստոսից մինչեւ այսօր սպասում են իրենց հավելավճարներին։ 2013թ․հունիսի 6-ին ընդունված օրենքի համաձայն՝ դիսպանսերի աշխատակիցները նախկին 234 դրամ ժամավճարի փոխարեն պետք է ստանային 300 դրամ։ Բայց նշված դրույքաչափով աշխատակիցները վարձատրվել են միայն հուլիսին։ Հաջորդ ամիսներին դիսպանսեր բաժանմունքի աշխատակիցների վարձատրությունը մնացել է բարձր դրույքաչափով, իսկ հերթապահ (ստացիոնար) բաժանմունքինը՝ դարձել նախկին 234 դրամը։
Սյունիքում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բաժանմունքի աշխատակիցներն ասացին, որ արդեն հոգնել են դռնեդուռ ընկնելով իրենց իրավունքները պաշտպանելուց. դիմել են Հարկային տեսչություն, Առողջապահության նախարարություն, դիմում-նամակ հղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանին, բայց ոչինչ չի փոխվել։ Դիսպանսերի աշխատակիցների վերջին հույսը նախագահ Սերժ Սարգսյանն է, որին էլ պատրաստվում են ուղարկել հերթական դիմումը։
«Մենք պահանջում ենք մեր հավելավճարները, դիմել ենք տնօրենին, նա բացատրել է, որ մինչև կառավարությունն այդ գումարները չփոխանցի, մենք չենք տալու ձեզ, պիտի փոխանցի, որ տանք։ Բայց մինչև այսօր չի փոխանցել և հիմա մենք պահանջում ենք, բողոքում ենք, նաև ինչ-որ տեղ խնդրում ենք ընդառաջել՝ մեր հավելավճարները փոխանցել։ Մենք գործ ունենք հոգեկան հիվանդների հետ, մեր աշխատանքը շատ ծանր է և վտանգավոր, ամեն վայրկյան մեզ վտանգ է սպառնում»,- News.am-ին ասացին դիսպանսերի աշխատակիցները, որոնք իրենց աշխատանքը չկորցնելու համար խնդրեցին չհրապարակել իրենց անունները։
Նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանն այս օրերին Հայաստանում չէ, և մեզ չհաջողվեց նրա հետ խոսել։ Աշխատակիցները հավատացրին, որ նա գիտի իրենց բողոքի մասին և բոլորովին դեմ չէ այդ նախաձեռնությանը։




























